Thursday, November 17, 2016

Բառ եմ` չեմ գրվում, ձայն եմ` չեմ հնչում, գույն եմ` չեմ նկարվում…

Այսօր կրթահամալիրի կենտրոնական գրադարանում «Գրողը և իրականությունը» թեմայով վարպետության դաս էր վարում բանաստեղծ Հուսիկ Արան:
Հյուրեր ունեինք նաև Կոտայքից: Ընթերցանության բացօթյա ֆլեշմոբ և կրթական ծրագրերի տարածման նախագծով ավագ դպրոց վարժարանի սովորողները սեպտեմբերին եղել էին Կոտայքի մարզային գրադարանում: Փոխայցելությունը նախատեսված էր կրթահամալիրի տոնի օրերին, ու այսօր մեր բարեկամ-ընկերները եկել էին՝ մասնակցելու գրքի տոնին ու վարպետության դասին: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր և հաճելի մթնոլորտում: Հուսիկ Արան պատմեց իր ստեղծագործական կյանքից, այսօրվա իրականության մեջ գրողի ունեցած դերից։ Արցախյան ազատամարտ, այսօր մեզ բոլորիս հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ, պատասխաններ մեզ ժամանակակից գրողի տեսանկյունից: Երկխոսություն՝ գրադարանի աշխատակիցներ-բանաստեղծ-սովորողների միջև: Հետո կարդացինք բանաստեղծություններ գրողի «Եվ սերն ասաց» շարքից: «Բանաստեղծությունը տրամադրություն է, բանաստեղծությունը պետք է հարազատ լինի մարդու հոգուն: Իսկական բանաստեղծություն ստեղծում են ընտրյալները, բանաստեղծություն իսկապես հասկանում են ընտրյալները»,- իր խոսքը եզրափակեց Հուսիկ Արան: Առավել ակտիվ էին մեր կրտսեր ընկերները, որոնց հարցերն այնքան դիպուկ էին և հետաքրքիր, որ զարմացրին մեր հյուրերին։
 Ու...Սերը մարդկային զգացմունքներից ամենանուրբն ու ամենագեղեցիկն է, սերը իր կայուն տեղն ունի դարի ու ժամանակի մեջ և շուկայական սառը հաշվարկների, սոցիալական ծանր պայմանների պատճառով կարող է վտանգվել: Եկե՛ք զգույշ վարվենք, եկե՛ք պահենք սերը, որ մի օր հանկարծ այն գրանցում չստանա մարդկային հարաբերությունների «կարմիր գրքում», որ հետո ստիպված չլինենք այն փնտրել-որոնել... Իմ սկիզբն ես և իմ վերջն ես դու. ձայն տուր` կշրջվեմ, բախիր` կբացվեմ, ցանկացիր` կունենաս ինձ. չէ՞ որ դու սերն ես….



No comments:

Post a Comment