Monday, May 14, 2018

Կոչին հետևողների հաղթանակը

Մենք, որ ամիսներ առաջ քաղաքագիտության դասին կանխատեսում-քննարկումներ էինք  անում` ով կդառնա ՀՀ նախագահ, և ով՝ ՀՀ վարչապետ, երբևէ չէինք պատկերացնի, որ ամեն ինչ այս կերպ կսկսվի, կընթանա և կավարտվի: Թաքցնել չեմ կարող՝ բոլորս մտածում  էինք պարզունակ կերպով, այսինքն` նախագահ՝ Ա. Սարգսյան, վարչապետ` Ս.Սարգսյան… պարզապես Սարգսյանների տեղատարափ։ Առանց երևակայության, առանց մտքի թռիչքի, շատ չոր և կոպիտ էինք մտածում, թեպետ քաղաքականության մեջ չպետք է տրվել զգացմունքներին և սավառնել երազանքների Հայաստանում՝ չնայած, որ մենք այժմ կերտում և վերստեղծում ենք մեր Հայաստանը, քաղաքը, քաղաքացուն և քաղաքական համակարգը։
Գրեթե ոչ ոք չէր մտածում, որ Ս.Սարգսյանը հրաժական կտա, այն էլ՝ այդքան վաղ։ 
Ամենաառաջին քայլը, որ մարդիկ անում էին, դա ոչ թե փողոց դուրս գալն ու պայքարելն էր, այլ թերհավատությամբ մոտենալը նպատակի իրագործմանը: Իսկ առաջին շրջանում գլխավոր նպատակը՝ Ս.Սարգսյանի հրաժարականն էր։ Այն հարցին, թե ով  է ղեկավարելու, եթե ոչ Ս.Սարգսյանը, իմ պատասխանն այսպիսին էր. «Հիմա կարևորը, որ ազատվենք թե Ս.Սարգսյանից և թե ՀՀԿ-ից, իսկ մնացածն արդեն պարզ կլինի»: Իսկ այժմ հստակ տեսնում ենք, որ ժողովուրդը միայն Նիկոլ Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնին, չէ՞ որ հենց Նիկոլը կարողացավ մեզ համախմբել և առաջնորդել դեպի հաղթանակ, դեպի ազատ Հայաստան, որը մենք շուրջ քսան տարի ինքնուրույն չէինք կարողանում անել։ Ամեն օր հանրահավաքի ընթացքում ակնդետ լսում էինք Նիկոլին, որպեսզի իմանայինք, թե ինչ պետք է անենք հաջորդ օրը, կազմեինք օրվա պլանը։ Չէինք գնում դասի, աշխատանքի, մինչև Նիկոլը չասեր՝ գնացեք։ Մենք լսում էինք նրա ցանկացած կոչ, առաջնորդվում էինք նրա կոչով։ Մեզ թուղթ պետք չեկավ, որ հռչակեինք նրան մեր վարչապետ։
Պարոն Փաշինյանով երբևէ չեմ հետաքրքրվել, բայց փաստ է, որ նա ապացուցել է իր գործով, թե որքան հզոր, ուժեղ մարդ և քաղաքացի է: Մեկ ամիս բոլորս անքթիթ հետևել և հետևում ենք Նիկոլին, իր գործողություններին։ Թեպետ եղել են պահեր, երբ ես ինքս ճիշտ չեմ համարել տվյալ գործողությունների կատարման որոշումը և բարձր հնչեցրել եմ իմ կարծիքը, սակայն պետք է ընդունել, որ թեկուզ այն բոլոր որոշումներին ինչքան էլ համամիտ չենք եղել, միևնույնն է, հենց դրանք են հանգեցրել հաղթանակին։ Թավշյա հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը սկսեց միայնակ, շարունակեց ամբոխի հետ և ավարտին հասցրեց Հայ ազգի հետ միասին։ 

Դեռ սկզբում, երբ Երևանում` Ֆրանսիայի հրապարակում, նոր էին սկսվել հանրահավաքներն ու ցույցերը՝ հետևելով մասնակիցների՝ սոցցանցերում լուսանկարների ակտիվ հրապարակմանը, գրառումներին, հասկանում էի, որ նրանցից շատերը ամենևին չգիտեին և չէին գիտակցում, թե ինչ էին ակնկալում այնտեղ գնալով, սակայն այդ ամենը վերացավ, երբ քաղաքացիների մի մեծ խումբ կոնկրետ նպատակով քայլեր ձեռնարկեց։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող սեբաստացիներով ինքնակազմակերպմամբ քսան հոգանոց խմբով քայլերթով շարժվեցինք Ֆրանսիայի հրապարակ: Թեպետ ես քայլերթի ամբողջ ընթացքում մեր «իշխանության»՝ Էրիկ Թելունցի հետ կիսվում էի իմ անվստահ մտքերով` «Ապստամբությունը լավ բան չէ, միգուցե չշարունակե՞նք, չգնա՞նք. ավելի լավ չէ՞ր լինի, եթե հիմա դաս սովորելով փոխեինք երկիրը… Ախր լավ չենք անում, չպետք է ապստամբենք….»: Հենց այդպես Էրիկին փորձում էի մտափոխել, սակայն ապրի նա, որ վախերիս ու կասկածներիս ընդառաջ չգնաց: Որքան էլ ապստամբությունը լավ բան չէ, այնուամենայնիվ այդ պահին ամենակարևոր ու առաջնային քայլը դա էր՝ դուրս գալ փողոց և տեր կանգնել մեր երկրին։ Սեբաստացի սովորող-ուսուցիչով և մի քանի այլ քաղաքացիների հետ մասնակցելով քաղաքացիական անհնազանդությանը և միանալով «ՄերժիրՍերժին» նախաձեռնությանը՝ փակեցինք Հաղթանակի կամուրջը: Ընթացքում եղան շատ իրադարձություններ, որոնց ականատեսը և մասնակիցը եղա: Հենց դրանց միջոցով հասկացա, որ բոլորիս մեջ արդեն արմատավորվել է ՀՀԿ-ական համակարգը, ու բոլորիս հոգու խորքում կան «սերժեր», որոնց պետք է ոչնչացնել։ Տասներորդ օրը, երբ իրավիճակը գնալով լարվում էր, Ս.Սարգսյանը և Ն.Փաշինյանը պետք է խոսեին Ս.Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ նրանց հանդիպման միջնորդը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր. նա հանդիպման նախորդ օրը եկել էր հրապարակ, հանդիպել Նիկոլին և առաջարկել, որ Ն. Փաշինյանն ու Ս.Սարգսյանը նստեն երկխոսության սեղանի շուրջ։ Հաջորդ օրը առավոտյան «Մարիոթ» հյուրանոցի դիմաց հավաքվել էին շատ մարիկ, իսկ ներսում՝ շատ լրագրողներ։ Սարգսյանը դեմ էր, որ լրագրողները նույնպես ներկա լինեն, իսկ Փաշինյանը ցանկանում էր, որ ամենը լինի բաց ու թափանցիկ, որպեսզի ժողովուրդը նույնպես տեսնի, լսի և վերլուծի։ Նրանց զրույցը տևեց հարյուր յոթանսուն վայրկյան, որի ընթացքում Ս.Սարգսյանը, սպառնալով ժողովրդին, էլ ավելի տրամադրեց իր դեմ. «Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել»,-ասաց նա։ Սա ոչ թե ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, այլ հենց մեզ՝ ժողովրդիս։ Այս խոսքերից մի քանի ժամ անց Նիկոլին վայրենաբար ձերբակալեցին։ Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպման նախորդ գիշերը ձերբակալել էին շարժման այլ ղեկավարների, որպեսզի հաջորդ օրը ժողովուրդը մնա առանց առաջնորդի, հուսալքվի և նահանջի, սակայն հենց այդ պահից սկսած, երբ առևանգեցին Նիկոլ Փաշինյանին, ձերբակալեցին Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, ժողովուրդը էլ ավելի շատացավ, էլ ավելի հզորացավ և էլ ավելի բարկացավ։ Հսակայական թվով քաղաքացիներ, ովքեր ենթադրում էին, որ Նիկոլն ու այլ ձերբակալվածներ գտնվում են Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում, գնացել էին այնտեղ, շրջափակել շենքն ու պահանջել, որ նրանք բոլորը ազատ արձակվեն, սակայն Նիկոլին տարել էին հեռու, շա՜տ հեռու։ Նիկոլը Սևանի ոստիկանական բաժանմունքում էր, որի մասին իմացանք հաջորդ օրը, երբ նրան արդեն ազատ էին արձակել։ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման, Ս.Սարգսյանի հրաժարականի օրվա հանրահավաքի ժամանակ Նիկոլը պատմեց, որ իր մոտ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են եկել՝ համոզելու, որ Ս.Սարգսյանը հրաժարական տա ավելի ուշ, սակայն Նիկոլի շատ ճիշտ պնդմամբ՝ Սարգսյանը հրաժարական տվեց երկու ժամվա ընթացքում։ Եթե դա այդքան արագ չլիներ, և երկարաձգվեր գործընթացը, ապա ամենն այլ ուղով կընթանար. նրանց ժամանակ տալով՝ կտայինք իրավիճակից դուրս գալու շատ ու շատ հնարներ։ Ապա մի քանի օր անց Կ. Կարապետյանը, կարծելով, թե վարչապետի պաշտոնակատար լինելուց բացի նա կարող է կրկին դառնալ վարչապետ, մի քանի քայլ ձեռնարկեց, սակայն ժողովուրդը նրան էլ մերժեց ու հեգնական ասաց. «Պարոն Կարապետյան, դուք ապրիլի 23-ից (Սարգսյանի հրաժարականի օր) դասեր չեք քաղել»։ Այնուամենայնիվ այդ տասնմեկ օրվա ընթացքում կատարված իրադարձությունները չեմ մանրամասնի, որովհետև առավոտյան 8։15-ից մինչև երեկոյան 23։00 այնքան բան է եղել, այնքան կարևոր դեպքեր՝ ծիծաղեցնող, տխրեցնող, ջղայնացնող և շուտ մոռացվող, որ բոլորին անդրադառնալն անհնար կլինի։

Պայքարի այդ քսան օրն այնքան բան փոխեց երկրում, այնքան անծանոթների ծանոթացրեց, համախմբեց, ժպիտներ պարգևեց, հիասթափեցրեց, սակայն նոր ուժով առաջ մղեց։ Թեպետ ինձ մոտ հարց է առաջացել. մարդիկ միմյանց պետք է ժպտային, բարի լինեին իրար հանդեպ, հույսով լի լինեին, առաջ գնալու նպատակ ունենային միայն Ս.Սարգսյանի հրաժարականից կամ ՀՀԿ-ի հեռացումից հետո՞։ Վատ է, դա շատ վատ է։ Այո՛, հասկանում եմ, որ քաղաքացիներն ունեին լուրջ խնդիրներ և ուզում էին լուծումներ, իսկ լուծումը գտնում էին միայն այդ ճանապարհով, բայց չէի՞նք կարող այդպիսին լինել միշտ. պարտադիր մեզ պետք է առաջնորդե՞ն, մեզ պետք է ղեկավարե՞ն, պետք է ծանր իրավիճակում հայտնվե՞նք, մեզ ինչ-որ մեկն է պետք, որ սթափվե՞նք ու ամենին այլ տեսանկյուններից նայե՞նք, որ առաջ գնա՞նք ու պայքարե՞նք։ Ահա այստեղ է կայանում անհատի խնդիրը։ Միանշանակ հեղափոխությունը իդեալական չընթացավ և չէր էլ կարող ընթանալ. Երևանում տարբեր մակարդակների վրա գտնվող տարբեր մարդիկ էին անում իրենց քայլը, ոմանք չէին տիրապետում այն հասարակ գրագիտությանը, իսկ ոմանք էլ տիրապետում էին չափից շատ։ Այսպիսով հրապարակում և այլ փողոցներում տիրում էր ծայրահեղություն հասկացությունը։ Բայց եկեք այդ ամենին վատով չնայենք, չէ՞ որ վերոնշյալ մարդիկ այս մի քանի օրը փողոցում անցկացնելով ստացան այն բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որոնք հարկավոր են քաղաքացուն։ 
Մեր նոր սերունդը, ուսանողությունը, բոլոր դպրոցակնները, հատկապես մենք՝ սեբաստացիներս, ովքեր ի սկզբանե պայքարել են ու դա արել են ճիշտ քայլերով, դա արել են գիտակցելով, հիմա պարզապես իրավունք չունեն հակադիր քայլեր անելու։ Կարծում եմ, որ մենք այս մի քանի օրը դրսում՝ փողոցներում և հրապարակներում անցկացնելով՝ կրթվել ենք կյանքի համար, կրթվել ենք որպես քաղաքացի, որի մասին ինչքան էլ դասագրքերում գրեն, միևնույնն է, չեն սովորեցնի։ 
Այսպիսով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից 
հրաժարվելու րոպեից սկսած բոլոր քաղաքացիները՝ թե դրսում և թե տանը, գլխապտույտ երջանկություն էին ապրում, էլ չասեմ՝ ինչ էր կատարվում քաղաքի տարբեր հատվածներում։

Սոցցանցերում ակտիվ գործունեություն ծավալողներին չանդրադառնալ չեմ կարող. սոցցանցերը հիմա կյանքի անբաժանելի մաս են կազմում և մեր ցանկացած հաջողության մեջ դրանք ևս ունեն իրենց մեծ դերը, դրանք էին, որ համայն աշխարհին ցույց տվեցին Հայաստանյան հեղափոխության գործընթացը, որ մարդկանց իրազեկ պահեցին անցուդարձին։ Ներեղություն, բայց պետք է ասեմ, որ հենց համացանցում հետևելով օգտատերերին, մեծ հիասթափություն ապրեցի. տեսա մարդկային հիմարության գագաթնակետը։ Որոշները անտարբեր էին, սակայն որևէ տեսակի գրառումներ, կամ հրապարակումներ չէին կատարում, որը ես ողջունում եմ։ Որոշները անտարբեր էին և իրավիճակի ամենաթեժ պահին հրապարակում էին դատարկությունն իրենց մեջ կրող լուսանկարներ, որը ես ամենևին չեմ ընդունում։ Որոշները գրառումներ էին կատարում, որոնց հետ ամենևին կապ չեն ունեցել, իրենց հաղթող են համարել, սակայն նույնիսկ մի կաթիլ ներդրում չեն ունեցել հաղթանակում։ Որոշներն էլ իրենց իրատես են համարել ու չեն հավատացել հաղթանակին, հեղափոխությանը, ամպագոռոգոռ խոսքեր են հնչեցրել և կրկին իրենց հաղթող համարել։ Որոշներն էլ ի սկզբանե համառ քայլերով առաջ են գնացել, պայքարել են բառիս բուն իմաստով, պայքարել ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ ու ամեն կերպ։ Որոշներն էլ ունեցել են մեծ ցանկություն, բայց ի զորու չեն եղել պայքարելու։ Որոշներն էլ մասնակցել են շարժմանը զուտ համարելով այն հավես բան, մտածելով՝ բոլորը մասնակցում են, իրենք ինչու՞ չմասնակցեն. մասնակցել են իրենց ուրախ տրամադրությունը ապահովելու, սելֆիներ, սիրուն նկարներ ունենալու համար, չեն ունեցել կոնկրետ գիտակցում-նպատակ և մինչև հիմա էլ չունեն։ Որոշներն էլ մասնակցել են ի խորոց սրտի, մասնակցել են ամբողջ գիտակցությամբ, դրել են քաղաքացիական նպատակներ ու ի վերջո հասել դրանց, լրջագույնս տրամադրված են եղել ու որոնց մեծ մասը, որևէ լուսանկար չի ունեցել (ես նրանցից եմ, ով չունի, ու ես փոշմանում եմ, որովհետև այս նյութիս համար անձնական լուսանկար չունեմ, որը կարող եմ հրապարակել)։ Որոշները դեռ 2008թ-ից էին սպասում այս օրերին։ Որոշները երբեք լավը չէին տեսել իշխանություններից։ Որոշներն էլ ապրում էին ստրուկի կարգավիճակով, և հենց այդ որոշներից որոշները շարունակեցին ապրել հենց այդ նույն կարգավիճակով։ Ու էսպես լի՜քը որոշներ կան, որոնք հենց և ստեղծել են հրապարակում հեղափոխություն արած ժողովրդին։ 

Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունների նոր սկսման փուլում հայրիկս Հայաստանում չէր, իսկ ես հանգիստ մասնակցում էի ցույցերին, անհնազանդություններին, բայց այդ տևեց ընդամենը երկու օր։ Նա եկավ, իսկ ես մասնակցությունս նրանից թաքցնել չկարողացա և պատմեցի հպարտորեն, որ շարժման ակտիվ մասնակից եմ։ Նա մի պահ զարմացավ, հետո ծիծաղեց և փորձեց խիստ տոնով բարկանալ, բայց ես ավելի խիստ ասացի, որ հաջորդ օրն էլ եմ գնալու և մինչև վերջ եմ գնալու, ապա նա ավելի խստացավ, և ես հասկացա, որ պլաններիս մասին պատմելը ամենևին պետք չէր։ Ես սկսեցի ընդվզել, շարունակ ընդվզել և ամեն ընդվզումից հետո միայն գալ ու հայտնել, իսկ ընդվզելը, հավատացեք, մի ուրիշ ինքնավստահություն էր հաղորդում։ Հարցն այն է, որ հայրս ևս ակտիվ մասնակցում էր, նույնիսկ ինձնից շատ։ Ավելին՝ մենք ընտանիքով էինք մասնակցում. մայրիկն ու երկու տարեկանը դեռ չբոլորած եղբայրս ամբողջ օրը ուղիղ եթերով հետևում էին իրադարձություններին, իսկ եղբայրս դա անում էր միայն ու միայն հասկանալով։ Փաստեմ, որ այդ շրջանում ընդվզումներս հաջող ավարտվեցին. կարևորը՝ զուր չէին։

Այս ընթացքում անասելի մեծ դեր ունեցան հեռուստաընկերությունից անկախ լրատվամիջոցները։ Հեռուստատեսությունը ևս արեց իր քայլը. հեռացավ հեռուստադիտողի էկրաններից։ «Ազատություն» թիվին ամբողջ ընթացքում եղավ առաջինը, որ ինձ բարի լույս ասաց և վերջինը, որ բարի գիշեր ասաց, եղավ համար մեկը իր օպերատիվ գործունեությամբ։ Լրագրողների մասին խոսք չկա. նրանք կարողացան ճիշտ կողմնորոշվել ամեն պահին, կարողացան սուր ու ճիշտ, ժողովրդին հուզող հարցերը տալ, կարողացան ճիշտ մեկնաբանել տվյալ պահը։ Ամեն օր առովտյան 8։15-ից մինչև կեսգիշեր ուղիղ եթեր էր. երբ չգիտեինք՝ ինչ անել, որտեղ գնալ, միանգամից միացնում էինք եթերը և կողմնորոշվում։ Լրագրողներն ու օպերատորները ամբողջ ընթացքում եղել են առաջնագծում և օգտագործելով հնարավորությունը՝ աշխատանքն ու ցուցարարի կագրավիճակը համատեղել են առանց գործադուլ անելու։ Հայաստանյան իրավիճակը գրավել էր նաև միջազգային լրատվամիջոցների եթերները։ Գրեթե բոլոր հայտնի և համաշխարհային լրատվամիջոցներ անդրադարձել էին Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Ադրբեջանական մամուլը նույնպես շատ ակտիվ հետևում և անդրադառնում էր։ Ադրբեջանցիների մեծ մասը նույնիսկ զարմացել էր, չէ՞ որ միշտ մեզ տեսել էին սգի մեջ, թույլ ու անօգնական։ Հայաստանյան ակցիաները ադրբեջանական շատ կայքեր ուղիղ հեռարձակումներ էին անում և որի տակ ադրբեջանցիները գրում էին տարատեսակ մեկնաբանություններ, քննադատում էին իրենց ընդդիմությանը և իրենք իրենց խոստովանում, որ «ալիևների» դեմ պայքարելու համար հայերից  շատ բան ունեն սովորելու։
Այսպիսով՝ կայացավ Վարչապետի ընտրությունները ԱԺ նիստում։ Այդ օրը՝ Մայիսի 1-ը, երևի առաջին անգամն էր, երբ բոլորս լարված և սպասումով դիտում էինք նիստը (ութ ժամից ավել), նույնիսկ արտասահմանցիներն էին դիտում։ Պատգամավորներից մեկը մեղադրեց Նիկոլին, որ դեռ չընտրված Սահակաշվիլիից շնորհավորանք է ստանում, ավելին՝ մեղադրեց Սահակաշվիլիի հետ կապի մեջ մտնելու համար, և րոպեներ անց Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ «Որոշ հիմարներ մեղադրել են վարչապետի թեկնածուին՝ իմ կողմից շնորհավորանք ստանալու համար. ես որևէ շնորհավորանք չեմ հղել նրան»։ Հրապարակում անթիվ, անհամար մարդիկ առավոտյան ժամը 11։00-ից հավաքվել և մեծ էկրաններից դիտում էին ԱԺ նիստը։ Արձանագրեմ, որ բացարձակապես հեշտ չէր առանց նյարդային խանգարումների նստել, կանգնել ու լսել պատգամավորների աբսուրդային հարցերը, ելույթները, մեղադրանքները ու առավել ևս նայել նրանց միմիկաներին, հայացքներին և առհասարակ տեսքին, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչների։ Հարցերը փորձում էի լուրջ չընդունել և թեթև նայել, հատկապես, երբ խոսում էին մեր՝ երիտասարդներիս, երեխաներիս, ժաղովրդիս անունից-համար, հնչեցնում իրենց մտահոգությունը. այդ պահին ուզում էի հարցնել իրենց՝ եթե այդքանը հասկանում են, անհանգստանում են մեզ համար, մեզնից շատ են մտածում երկրի մասին, ուրեմն ինչու՞ ենք մենք հասել այս ամենին... գիտեմ, որ պետք չէր այդ ամենն այդքան ծանր ու նյարդային ընդունել, բայց անտարբեր լինել պարզապես հնարավոր չէր։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում չընտրվեց վարչապետ։ Հիսունհինգ հոգի դեմ քվեարկեց, հիսունհինգ հոգու ժողովուրդը դարձրեց ազգի դավաճան, հիսունհինգ հոգուն ժողովուրդը քարկոծեց։ Այդ հիսունհինգ հոգուց ելույթ ունեցողները շեշտում էին, որ երկրում ատելություն է տիրում, մինչդեռ ամենուրեք սեր էր բոլորի հանդեպ, բացի այդ հիսունհինգից։ Ախր իրենք էլ գիտեն, թե ով են մեզ համար, ինչ են արել մեզ համար, ինչ են շարունակում անել առհասարակ ու այդքանից հետո սե՞ր են պահանջում իրենց հանդեպ։ 

Մայիսի 2-ը փառահեղ օր էր. ամբողջ Հայաստանն էինք փակել, շատ ուժեղ էինք փակել, որ մինչև 16։00-17։00 որևէ ավտոմեքենա չէր շարժվում։ Մարդիկ փակում էին ու պարում-ուրախանում, տորթ կտրում, սպորտային խաղեր խաղում, վարորդներն էլ գրեթե չէին բողոքում, այլ միայն միանում էին մեզ։ Ես այդ օրը գրեթե ոչ մի ոստիկանի չհանդիպեցի, միայն ուղիղ եթերով մի քանիսին տեսա օդանավակայանի մոտ և Նիկոլին հետևող բազմությանը ուղեկցելիս։  
Փողոցները դատարկ էին մեքենաներից, մարդիկ ազատ քայլում էին լայն փողոցների հենց կենտրոնով (դա իմ երազանքների քաղաքն էր, որտեղ մարդիկ պարզապես քայլում են ու վայելում պահը), ժպտում էին միմյանց, վերաբերվում ինչպես մի մեծ տան սենյակում գտնվողներին։ Իրոք, Հայաստանը փոքր տեղ է գրավում քարտեզի վրա, բայց իրականում մի ահռելի մեծ ընտանիք է իր սահմաններում, իսկ սահմաններից դուրս տարածում է բարեկամական զուսպ հարաբերություններ։ Չփաստել չեմ կարող, որ տարբեր ազգերի զբոսաշրջիկներ առանց իրենց կամքի հայտնվել էին հեղափոխության կիզակետում և գիտակցելով իրավիճակի լրջությունը և նպատակի կատարման կարևորությունը՝ նրանք նույնպես մասնակցում էին անհնազանդություններին և փակում փողոցները՝ պահանջելով քաղաքացիների ցանկության իրականացումը, բղավում էին՝ «Նիկոլ վարչապետ»։ Սկզբում քաղաքական գործիչները մեղադրում էին մեզ, որ թույլ չենք տալիս՝ տուրիզմը զարգանա, իսկ տուրիստները պարզապես երջանիկ էին, որ Հայաստանում հեղափոխության մասնակից են եղել, որ կարևոր իրադարձությունում իրենց դերն են ունեցել և իրո՛ք, ունեցել են։ Այնպես որ, այս ամենից հետո տուրիզմը կրկնակի շատ կզարգանա. բոլորը ուզում են տեսնել այն Հայաստանը, այն միջավայրը, որը առանց արյան, այլ հակառակը՝ երգով ու պարով, խաղաղ անհնազանդություններով, սիրով ու համերաշխությամբ, դուխով ու խորովածով արեց հեղափոխություն։

Հայաստան էին ժամանել միջազգային լրագրողներ՝ լուսաբանելու Հայաստանյան իրադարձությունները։ Համեմատություններ չեմ կարող տանել նախկին վարչապետ Սարգսյանի և վարչապետի թեկնածու Փաշինյանի միջև. նրանք անհամեմատելի են։ Պարոն Փաշինյանը միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանում էր հենց իրենց իսկ լեզվով. նա կարողանում էր օտար լեզվով արտահայտել լրջագույն իմաստ կրող նախադասություններ։ Եվ միայն այն, որ նա կարողացել է հստակ միտք արտահայտել օտար լեզվով, արդեն ամեն ինչ ասում է։ Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք, որ ներկա իշխանությունները կարողանան հստակ խոսել հայերեն, կարողանան հստակ արտահայտել միտք և չկառչել թղթից. ո՛չ։ Հարցազրույցների ժամանակ էլ նույնիսկ ընտրում են լրագրողներին, ընտրում են նաև հարցերը։ 
Ի վերջո, ես համարում եմ, որ ևս մեկ անգամ մենք տեսանք, թե անգրագետների ինչպիսի կույտ է ղեկավարել մեր երկիրը այսքան ժամանակ։ 

1988թ, 2008թ և 2018թ, մայիսի 8.... կարևորագույն ութերի մի փունջ։ Միանշանակ ամբողջը մեկ ութի մեջ չէ։ Մայիսի 1-ի ընտրություններից հետո ուղիղ մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, կայացավ ԱԺ հատուկ նիստը, որտեղ ի վերջո ընտրվեց ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հրապարակում կրկին առավոտյան 11։00-ից հավաքվել էին անթիվ, անհամար քաղաքացիներ, միայն այս անգամ՝ սպիտակ վերնազգեստով՝ վրան Նիկոլ Փաշինյանի դիմանկարը, սպիտակ գլխարկով՝ վրան գրված «ԴՈւԽՈՎ» և արդեն իսկ տոնական տրամադրությամբ։ Եթե նախորդ ընտրությունները տևել էին ութ ժամ քառասունհինգ րոպե, ապա այս մեկը՝ մեկ ժամ երեսունչորս րոպե։ Վարչապետի թեկնածուին հարց չուղեց ոչ մի պատգամավոր, ելույթ ունեցան ընդամենը հինգ պատգամավոր։ ՀՀԿ-ի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ նրանք կօժանդակեն Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, սակայն նրանք մնում են իրենց համոզմունքներին, և նրանցից միայն տասնմեկ հոգին կողմ կքվեարկի, բայց կողմ քվեարկեցին տասներեքը։ Իրականում ես ոչ մի կանխատեսում չունեի, թե ինչպես կավարտվի այդ նիստը, ավելին՝ ես վատ զգացողություն ունեի և հավատով լցված չէի, որովհետև ՀՀԿ-ական պատգամավորների խոսքերն ու գործելաոճն արդեն հստակ ցույց էին տալիս, որ ինչ-որ մի բան են մտածել։  
Կառավորության ամբողջ կազմն արդեն նշանակված է, բոլոր նախարարներն արդեն սկսել են աշխատել և հասցրել են արժանանալ քննադատությունների։ Ես այդ ամենին շատ վատ եմ վերաբերվում. ոմանք դժգոհում են, որ նախարարներից շատերը երիտասարդներ են, շատերը քաղաքացիներին անծանոթ և ոչ փորձառու։ Իրականում ես ուրախ եմ, որ նախարարները երիտասարդ են, որովհետև հենց այդ երիտասարդներն են զարգացած, կրթված, երկրի տվյալ ոլորտի խնդիրներին ծանոթ, և կյանքում ամեն ինչ լինում է առաջին անգամ։ Հավատացեք՝ այսքան պայքարից հետո դժվար վարչապետը նշանակեր այնպիսի նխարարների, ովքեր չեն տիրապետում աշխատանքին։ Շատ քաղաքացիներ ապշել էին և հիացել ԿԳ նախարարով, որ նա մետրոյով է գնացել աշխատանքի, պարզապես բոլորս երկար ժամանակ չէինք տեսել նման հասարակ ու սովորական բան, իսկ դրանից առաջ հնարավորություն չէր եղել տեսնելու։ Հենց սա էլ մյուս ապացույցն է, որ մենք այդքան տարի սովորել էինք նախորդ իշխանությունների մեթոդներին, որ հիմա ինչ էլ անեն, մեզ հրաշք է թվալու, և զարմանք ենք ապրելու։ Տեսնելով նախարարներին առօրյայում՝պետք է ոչ թե դրանց ուշադրություն դարձնենք, այլ գործունեությանը։ Կարևորագույնը համարում եմ ԿԳՆ-ի աշխատանքը. չէ՞ որ երկրի զարգացման սկզբնաղբյուրը դա կրթությունն է։ Առավելագույնս ուշադիր և հետևողական է պետք լինել հենց այդ հարցում՝ կատարելով լավագույնը ՀՀ սովորողի, ուսանողի, ուսուցչի համար։ Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն հենց այդ ոլորտում։

 Վերը նշված տողերում պատմեցի Նիկոլով շապիկների և Դուխով գլխարկների մասին. իրականում այժմ «Նիկոլ կրելը»  մոդա է դարձել, Նիկոլին մեծամասնությունը կուռք է դարձրել, Նիկոլով մարդիկ գումար են աշխատում և ում նաև շատ հաճախ ծաղրում են և ծաղրում են հենց ՀՀ վարչապետի ուղիղ եթերի մեկնաբանություններում, իհարկե նաև առանձին գրառումներով ու տեսագրություններով։ Կրկին հասել ենք ծայրահեղություն հասկացությանը։ Հենց ինքը՝ Նիկոլը, կուռքեր չունի և առհասարակ դա չի ընդունում, այդուհանդերձ ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին օրինակ վերցնել իրենց կուռքից և չունենալ կուռքեր։ Ինչքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենը անում է բաց ու թափանցիկ, պետք չէ առիթից օգտվել և ինքնահաստատվել ուղիղ եթերների մեկնաբանություններում, ինչպես ասում է Գալուստ Սահակյանը՝ «Չափից, որ դուրս եք գալիս, անչափ չեք դառնում», որի հետ ես լիովին համաձայն եմ։ 

Ես սիրեցի Նիկոլ Փաշինյանին, ես սիրեցի քաղաքացուն, ես սիրեցի պատգամավորին, ես սիրեցի նախարարին, ես սիրեցի ժողովրդիս, ես սիրեցի անշահ մարդուն (և կան նման մարդիկ), ես սիրեցի ինձ՝ որպես քաղաքացի, ես սիրեցի բոլորիս՝ մեր թերություններով հանդերձ։ 
Ես սովորեցի, թե ինչպես պետք է լինի ղեկավարը, առաջնորդը, վարչապետը, հրամանատարը, նախարարը, պատգամավորը, իրավաճանաչ քաղաքացին, ժողովուրդը, վարորդը, հետիոտնը, ծնողն ու երեխան, լրագրողն ու օպերատորը, ուսուցիչն ու սովորողը, աշխատողն ու տնօրենը։ Ես չատեցի. ես տեսա ու նողկանք ապրեցի, սակայն ես պայքարեցի և պայքարում եմ, որ այլևս չտեսնեմ ու նողկանքը չապրեմ, այլ տեսնեմ ու հիանամ, որ սեր, բարություն ու ազնվություն շնչեմ, արտաշնչեմ։
__________________________________________

Հ.գ. Մի քանի կադրի հավաքածու, որ հասցրել եմ ֆիքսել անհնազանդությունների ժամանակ:




-Լուսինե Ալեքսանյան

No comments:

Post a Comment